[Թարմացվող լրահոս] Մեկուսացում և սահմանափակում. իրավիճակն Ադրբեջանում 2023-ից հետո

Իլհամ Ալիևի գլխավորած ավտորիտար ռեժիմը 2023 թվականի վերջից սկսած սաստկացրել է Ադրբեջանում խոսքի ազատության և անկախ մամուլի սահմանափակման, ինչպես նաև երկրի վրա անցանկալի արտաքին ազդեցությունները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Իր իշխանությունն ավելի ամրապնդելու համար նշանակված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններում Ալիևն ու իր կուսակցությունը ապահովեցին կանխատեսելի «հաղթանակ»: Իրավիճակի սրման մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար ստեղծել ենք կարևոր իրադարձությունների ժամանակացույց, որը դեպքերի զարգացմանը զուգընթաց կթարմացվի։


2023 թվականի սեպտեմբերին Արցախի լիակատար օկուպացիայից հետո Իլհամ Ալիևը ձեռնարկեց միջոցառումներ, որոնք ամրապնդեցին իր իշխանությունը և լռեցրին թե՛ ներքին, թե՛ արտաքին ցանկացած ձայն, որը կարող էր սպառնալիք լինել իր ռեժիմի համար: Երկրում սկսվեց «վհուկների որս», որի թիրախում ընդդիմադիր լրատվամիջոցները, լրագրողները, անկախ փորձագետները և ինֆլյուենսերներն են:

Ձեռնարկված միջոցների թվում են լրագրողների բանտարկությունները, քաղաքացիական հասարակության խմբերի գործունեության կասեցումը, անհատների նկատմամբ ճամփորդական արգելքների կիրառումև և միջազգային կազմակերպությունների սահմանափակումը: Վերահսկող կազմակերպությունների դուրս մղման և ներքին մամուլի ճնշման պայմաններում Ադրբեջանը կտրում է աշխարհի հասանելիությունը իր սահմանների ներսում և Արցախի օկուպացված տարածքներում տեղի ունեցող իրադարձություններից:

Թեև այս քաղաքականությունն ընդհանուր գծերով միշտ է բնորոշ եղել Ալիևի կառավարմանը, մենք կարծում ենք, որ վերջին զարգացումները ունեն մի քանի նպատակ․ մի կողմից դրանք նպաստում են ընդդիմադիր ձայները լռեցնելուն, քաղաքացիական ազատությունները սահմանափակելուն, երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և այլ մարտահրավերները թաքցնելուն՝ Ալիևի իշխանությունը անսասան պահելու համար: Մյուս կողմից՝ ներկայումս ճնշման այս քաղաքականությունը ծառայում է նաև օտարերկրյա լրագրողների մուտք օկուպացված Արցախ կանխելու նպատակին։ Անկախ լրագրողները փաստացի արգելափակված են, քանի որ կարող են այնտեղ տիրող իրավիճակը ներկայացնել պաշտոնական նարատիվից զգալիորեն տարբերվող ձևով, ինչը դիտարկվում է որպես սպառնալիք:

Ստորև ներկայացված է 2023 թվականի վերջին սկսված և մինչ օրս շարունակվող իրադարձությունների ընդհանուր ժամանակացույց, որոնք հանգեցրել են Ադրբեջանի մեկուսացմանը։


2025թ․ մայիսի 13

ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հաղորդակցության ղեկավարը հայտարարեց, որ կառույցն առաջիկա ամիսներին կդադարեցնի իր գործառնական ներկայությունն Ադրբեջանում։

2025թ․ մայիսի 6

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) խոսնակը հաստատեց, որ գործակալությունը պաշտոնապես ավարտում է իր գործունեությունն Ադրբեջանում։

2025թ․ մայիսի 5

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) հայտարարեց Ադրբեջանում իր գրասենյակի գործունեության ավարտի մասին՝ նշելով, որ պաշտոնական Բաքվի հետ իր համագործակցությունը կշարունակվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի միջոցով։

2025թ․ մայիսի 2

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցչությունը պաշտոնապես հայտարարեց, որ հաջորդ օրվանից դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում։

2025թ․ մարտի 12

Բրիտանական Reuters լրատվական գործակալության ներկայացուցիչը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը հայտնեց, որ «Ռոյթերսի համար աշխատող երկու անկախ լրագրողներ այլևս հավատարմագրում չունեն Ադրբեջանում՝ կառավարության նոր քաղաքականության պատճառով, որը յուրաքանչյուր օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրում է միայն մեկ հավատարմագրում»։

2025թ․ մարտի 5

Transparency International կազմակերպության տեղական մասնաճյուղի՝ Transparency Azerbaijan-ի գլխավոր ասամբլեան հայտարարեց կազմակերպությունը լուծարելու իր որոշման մասին։

2025թ․ մարտի 4

Բաքվում Erasmus+ ծրագրի ազգային գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ Եվրամիության ամենամեծ կրթական ծրագիրը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում։

2025թ․ մարտի 2

Իշխանամետ Caliber լրատվամիջոցը հաղորդեց, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին (UNDP), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին (UNHCR) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ICRC) հրահանգ է տրվել լքել Ադրբեջանը։ Սա ավելի ուշ հաստատեց արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը «վերանայել է իր առաջնահերթությունները ՄԱԿ-ի հետ համագործակցության հարցում»՝ հենվելով «նոր ժամանակաշրջանի իրողությունների» վրա։

2025թ․ փետրվարի 20

BBC-ն հայտարարություն տարածեց՝ նշելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից բանավոր հրահանգ ստանալուց հետո Բաքվի գրասենյակը փակելու իր «դժկամ որոշման» մասին։

2025թ․ փետրվարի 13

Ընդդիմադիր Turan լրատվական գործակալությունը հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով: Նույն օրը հայտնի դարձավ, որ Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության լրագրողների թիվը կկրճատվի մինչև 1-ի, քանի որ Ադրբեջանի կառավարությունը որոշել է հավասարեցնել արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների թիվը համապատասխան երկրներում Ադրբեջանի պետական ​​լրատվամիջոցների ներկայացուցիչների թվին: Նշվեց, որ նույն քաղաքականությունը կկիրառվի նաև BBC-ի ադրբեջանական ծառայության նկատմամբ:

2025թ. փետրվարի 12

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» հրապարակեց քաղբանտարկյալների թարմացված ցանկ։ Ցանկում ներառված է 357 անձ, այդ թվում՝ 27 լրագրող և բլոգեր, մարդու իրավունքների 4 պաշտպան, ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության 32 անդամ, ազգային փոքրամասնությունների 4 ակտիվիստ և պատերազմի դեմ պայքարող 2 ակտիվիստ։

2025թ․ փետրվարի 2

Իշխանամետ Report գործակալությունը հայտարարեց, որ Voice of America-ի ադրբեջանական ծառայության թղթակցային հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել։ 2025 թվականի փետրվարի 27-ին նույնը հայտարարվեց նաև Bloomberg-ի թղթակցային հավատարմագրման վերաբերյալ։

2025թ․ փետրվարի 9

Toplum TV-ն հայտարարություն տարածեց, որ Ադրբեջանում լրատվամիջոցների վրա ճնշման աճի պատճառով այլևս չի կարող գործել երկրի ներսում և կշարունակի իր աշխատանքը արտասահմանում գտնվող լրագրողների միջոցով։

2025թ․ փետրվարի 4

«Meydan TV-ի գործի» շրջանակներում ձերբակալվեց նաև ընդդիմադիր Arqument.az լրատվական կայքի խմբագիրը։

2024թ․ ապրիլի 18

Meclis.info անկախ, ոչ առևտրային մեդիա հարթակի հիմնադիրը ձերբակալվեց Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում՝ Ստամբուլ մեկնելու փորձի ժամանակ։ Նրա ձերբակալությունը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է անկախ լրատվամիջոցների, մասնավորապես՝ Abzas Media-ի նկատմամբ իրականացվող լայնածավալ հետաքննության հետ։

2024թ․ մարտի 6

Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն իրականացրեց Toplum TV անկախ հեռուստաալիքի, նրա գործընկեր կազմակերպությունների և ընդդիմադիր մի խմբի գրասենյակներում՝ ձերբակալելով մոտ մեկ տասնյակ լրագրողների և ակտիվիստների, ինչպես նաև՝ կապարակնքելով գրասենյակների տարածքը։ Հետագայում մի քանի լրագրողի նկատմամբ առաջադրվեց «մաքսանենգություն՝ նախնական դավադրության միջոցով» մեղադրանք՝ շարունակելով Abzas Media-ի և Kanal 13-ի նկատմամբ ճնշումների օրինաչափությունը։ Խուզարկությունից հետո ոչ միայն Toplum TV-ի գրասենյակը կապարակնքվեց, այլև նրա թվային հարթակները հաքերային հարձակման ենթարկվեցին կամ ջնջվեցին, ինչը փաստացի նպաստեց նրա ասելիքը լռեցնելուն։

2023թ․ դեկտեմբերի 7

Շինծու մեղադրանքներով ընդդիմադիր գործիչների և լրագրողների ձերբակալության ալիքից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ադրբեջանում 2024 թվականի փետրվարի 7-ին նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2024 թվականի փետրվարի 8-ին հրապարակված տվյալների համաձայն՝ նախագահ Իլհամ Ալիևը «վերընտրվել» էր ձայների 92.05%-ով: Դրան հաջորդեց ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ ճնշման ևս մեկ ալիք:

2023թ․ դեկտեմբերի 6

Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեցին ընդդիմադիր Meydan TV-ի մի քանի լրագրողներ՝ փողերի լվացման մեղադրանքով: Նույն օրը նրանց գրասենյակը խուզարկվեց, և մի քանի աշխատակիցներ ձերբակալվեցին:

2023թ․ նոյեմբերի վերջ

Ռեժիմի հիմնական թիրախներն էին Abzas MediaKanal 13 և Kanal 11 լրատվամիջոցները, որոնք հայտնի են կոռուպցիայի և կառավարության կողմից չարաշահումների մասին լուսաբանումներով: Նրանց նկատմամբ առաջադրվել են քաղաքական դրդապատճառներ պարունակող քրեական մեղադրանքներ, ինչպիսիք են փողերի լվացումը, շորթումը և խարդախությունը: Որոշ դեպքերում կալանավորներին արգելվել է տեսակցել փաստաբանների և ընտանիքի անդամների հետ, նաև եղել են ծեծի և խոշտանգումների մասին հաղորդումներ:


Ամփոփելով՝ Ալիևի ռեժիմը փորձում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ներառյալ երկրի ցամաքային սահմանների փակումը որպես քաղաքական գործիք օգտագործելը, որպեսզի ամբողջությամբ վերահսկի երկրի ներքին գործերը, սահմանափակի այլակարծությունը, կենտրոնացնի իշխանությունը և զսպի արտաքին ազդեցությունն ու վերահսկողությունը։

Scroll to Top