Թուրք-քրդական հաշտությունը և իրավիճակը Սիրիայի քրդաբնակ շրջաններում

Մայիսի 12-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հայտարարեց իր լուծարման մասին՝ որպես թուրք-քրդական հաշտության գործընթացին ուղղված քայլ։ Ընդհանրապես, 2024թ-ի վերջից մինչ օրս թե՛ Սիրիայում, թե՛ թուրք-քրդական հարաբերություններում մի քանի կարևոր զարգացում է եղել, որոնք, ըստ գերակշռող պատկերացումների, պիտի տանեն դեպի կայունություն ու հաշտություն Սիրիայի ներսում և թուրք-քրդական հարաբերություններում։ Այնուամենայնիվ, հաշտության այս գործընթացը, կարծես, չի անդրադարձել Սիրիայի հյուսիսում թուրքական վերահսկողության տակ գտնվող քրդաբնակ շրջաններին, որտեղ թուրքամետ խմբավորումների զինյալները շարունակում են տեղի քուրդ բնակչության առևանգումներն ու շորթումը։

Սիրիայում ու Իրաքում թուրքական բոլոր ռազմական գործողությունների հիմնական հայտարարված պատճառը PKK-ի և դրա հետ աֆիլիացված «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) ու «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) դեմ պայքարն է եղել։ Հետևաբար, PKK գոյության դադարեցումը դիտվում է նաև որպես այս երկու երկրի տարածքներում ռազմական ներկայություն ունենալու և ռազմական գործողություններ իրականացնելու համար Թուրքիայի գլխավոր պատճառի չեղարկում։ PKK լուծարման մասին որոշման հրապարակումից մի քանի օր անց, սակայն, Թուրքիայի ՊՆ-ն հայտնեց, որ շարունակելու է ռազմական գործողությունները մինչև գետնի վրա հստակ ապացույցներ լինեն խմբավորման գործունեության դադարեցման մասին։  

2016թ-ից ի վեր Թուրքիան ներխուժել ու գրավել է Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ, որտեղ հաստատվել է դե ֆակտո թուրքական տիրապետություն։ Այն արտահայտվում է տեղի քուրդ բնակչության բռնի տեղահանությամբ, դպրոցներում թուրքերենի պարտադիր դասավանդմամբ, թուրքական լիրայի՝ որպես դրամական միավոր օգտագործմամբ և այս տարածքների կառավարումը Թուրքիայի պետական ինստիտուտների կողմից կազմակերպմամբ։ 

Ավելին, 2024թ․ դեկտեմբերին Սիրիայում Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալումից հետո իշխանության եկան «Սիրիայի ազատագրության կազմակերպություն» (Hay’at Tahrir al-Sham) զինյալ խմբավորման ներկայացուցիչները, որոնք երկրի հյուսիսում Թուրքիայի վերահսկողությունն ապահովող խմբավորումներից մեկն էին և ֆինանսավորվում էին Թուրքիայի կողմից։ Նրանց իշխանության գալուց հետո Սիրիայում ծանր զարգացումներ եղան, որոնց հայտարարված նպատակն էր երկրի ներսում բևեռացման վերացումը և ներքին հաշտության հաստատումը։ Դրանցից մեկը Սիրիայի ժամանակավոր կառավարության և քրդական SDF միջև 2025թ․ մարտի 10-ին ստորագրված համաձայնագիրն էր, որը հաստատում էր, որ․

  • Քրդական համայնքը Սիրիայի բնիկ բնակչությունն է. Սիրիա պետությունը երաշխավորում է նրանց քաղաքացիության իրավունքը և Սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքները։
  • Քրդական զինված ու քաղաքացիական բոլոր ստորաբաժանումներն ու ինստիտուտները, այդ թվում՝ սահմանային անցակետերը, օդանավակայանը և նավթի ու գազի հանքավայրերը, ներառվում էին սիրական կառավարության և բանակի կազմում։
  • Քրդական ուժերն ու կառավարությունը համաձայնում են երկրում համատարած հրադադարի շուրջ։
  • Երաշխավորվում է բոլոր տեղահանված սիրիացիների վերադարձն իրենց քաղաքներ և գյուղեր և նրանց պաշտպանվածությունը Սիրիա պետության կողմից։
  • Կողմերը համաձայնում են համատեղ պայքարել Ասադի մնացուկ ուժերի դեմ։
  • Կողմերը մերժում են սիրիական հասարակության տարբեր հատվածներում պառակտում սերմանող կոչերը, ատելության խոսք տարածող նախաձեռնությունները։

Ստորագրված այս փաստաթուղթը որևէ երաշխիք չէր տալիս ո՛չ թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներում քրդական բնակչության ֆիզիկական ու գույքի անվտանգության համար, և ո՛չ էլ PKK-ի հետ գաղտնի կապերի համար առևանգված և խոշտանգված հարյուրավոր անձանց ազատ արձակման համար։ Միջազգային Human Rights Watch-ի տվյալներով «Սիրիայի ազատ բանակ» (SNA) և HTS խմբավորումների զինյալները, որոնք չնայած նախկինում ահաբեկչական գործունեությամբ զբաղվելու համար են մեղադրվում, նոր իշխանությունների օրոք Սիրիայի պաշտոնական բանակի կազմում ներառվելուց հետո էլ շարունակում են հյուսիսային տարածքներում քաղաքացիական անձանց առևանգումներն ու խոշտանգումները։ Ստացվում է՝ Սիրիա պետությունը ոչ միայն չի պաշտպանում քրդաբնակ շրջանների բնակիչների անվտանգությունը, այլև հանդիսանում է խոշտանգող կողմը։ 

Ընդհանրապես, թուրքական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում տարիներ շարունակ գրանցվում են թուրքամետ զինյալների կողմից իրականացվող մարդու իրավունքների մի շարք խախտումներ ու հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց տների վրա հարձակումներ, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց տարբեր պատճառաբանություններով առևանգումներ, ունեցվածքի շորթում ու տեղաբնակիչների եկամուտի հիմնական աղբյուր համարվող ձիթապտղի այգիների, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողների ոչնչացում։ Տարբեր կազմակերպությունների զեկույցներ նաև ցույց են տվել Թուրքիայի հետախուզության ու բանակի ներգրավվածությունը առևանգվածների խոշտանգումների ու սպանությունների մեջ։ Եվ թեպետ վերոնշյալ զարգացումները պատմական բնույթ ունեն, դրանք առայժմ չեն բացառում թուրքական ռազմական գործողությունների ու հանցագործությունների շարունակականությունը։

Scroll to Top