Ի պատասխան հունիսի 14-ից Իրանի դեմ սկսված իսրայելական, իսկ երեկվանից՝ նաև ամերիկյան հարձակումներին, հունիսի 22-ին Իրանի խորհրդարանը հավանություն տվեց Հորմուզի նեղուցի փակմանը: Վերջնական որոշումը դեռևս պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից: Մինչ այս Իրանում նախկին և ներկա տարբեր պաշտոնյաներ, այդ թվում, օրինակ, Էկոնոմիկայի նախկին նախարար Էհսան Խանդուզին, ով կապեր ունի ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) հետ, հայտարարել են, որ Թեհրանը պետք է կտրուկ փոխի իր մոտեցումը աշխարհի ամենառազմավարական նշանակության ծովային երթուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի հարցում։
Հորմուզի նեղուցի հնարավոր փակման պարագայում անհետևանք չեն մնալու նաև Հարավային Կովկասն ու մասնավորապես Հայաստանը։ Ստորև փորձել ենք գնահատել էներգետիկ, առևտրատնտեսական և անվտանգության ոլորտներում հնարավոր զարգացումները, ինչպես նաև հասկանալ, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունը՝ հնարավոր մարտահրավերները հաղթահարելու և իր ռազմավարական շահերը պաշտպանելու համար:
Հնարավոր տնտեսական և քաղաքական հետևանքներ
Հորմուզի նեղուցը համաշխարհային նշանակության ռազմավարական ուղի է, որը կապում է Պարսից ծոցը Օմանի ծովին և Պարսից ծոցի երկրներից դեպի միջազգային շուկաներ նավթի, հեղուկ գազի և այլ ապրանքների փոխադրման հիմնական ուղին է։ Նեղուցով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20 %–ը, ինչպես նաև զգալի քանակությամբ ընդհանուր առևտրային բեռ՝ ներառյալ արդյունաբերական և սպառողական ապրանքներ։ Հորմուզի նեղուցի արգելափակումը կամ դրա շուրջ անվտանգության խաթարումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն էներգետիկ շուկաների, այլև համաշխարհային առևտրային հոսքերի վրա՝ առաջացնելով տնտեսաքաղաքական անորոշություն թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային մակարդակում։ Անխուսափելի կլինի նաև դրա անմիջական ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։
Նեղուցը ներառված է Իրանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ որպես կարևոր աշխարհատնտեսական լծակ։ Դրա նկատմամբ վերահսկողության գաղափարը պարբերաբար ներկայացվել է որպես պատասխան սպառնալիք՝ արտաքին ճնշման դեպքում։ Նեղուցը փակելու վերաբերյալ սպառնալիքներ, հատկապես Իրանի կողմից, պարբերաբար հնչել են տարածաշրջանային լարվածությունների ժամանակ, սակայն ելնելով տարատեսակ ռիսկերից, այն ամբողջությամբ երբևէ չի փակվել։ Թեև Իրանը դեռևս վերջնականապես չի հաստատել նեղուցի փակումը, վերջին զարգացումների և սպառնալիքների պայմաններում նման մոտեցումը կարող է դիտարկվել որպես հնարավոր ռազմավարական որոշում՝ պայմանավորված գոյաբանական վտանգի ընկալմամբ։
ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի (UNCLOS) դրույթների համաձայն՝ միջազգային նեղուցներով օտարերկրյա նավերի անցումը պետք է իրականացվի ազատ և անխոչընդոտ՝ առանց որևէ միակողմանի սահմանափակման: Տվյալ պարագայում Իրանի կողմից Հորմուզի նեղուցի նկատմամբ միակողմանի վերահսկողության սահմանումը՝ նույնիսկ իր ազգային անվտանգության հիմնավորմամբ, կնշանակի նավարկության ազատության սկզբունքի լուրջ խախտում։ Նշենք նաև, որ 2023 թվականից Իրանն անվտանգային նկատառումներից ելնելով պահանջում է, որպեսզի նեղուցով անցնող ռազմական նավերը նախապես պարսկերենով հաղորդեն իրենց բեռի տեսակի, նպատակակետի և պետական պատկանելության մասին, ինչը նույնպես հակասում է միջազգային նավարկության ազատության վերաբերյալ ընդունված նորմերին։
Տվյալ պարագայում Իրանի կողմից նեղուցի փակումը Պարսից ծոցում անվտանգություն ապահովելու նպատակով գործող բազմազգ ռազմական ներկայացուցչությունների՝ ներառյալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարած Միջազգային ծովային անվտանգության նախաձեռնության (International Maritime Security Construct – IMSC) և Հորմուզի նեղուցում եվրոպական ծովային իրազեկման առաքելության (European Maritime Awareness in the Strait of Hormuz – EMASoH) կողմից կարող է ընկալվել ոչ միայն որպես միջազգային իրավունքի խախտում, այլև ուժի կիրառման ակտ՝ բարձրացնելով տարածաշրջանային ռազմական էսկալացիայի ռիսկը։
Տնտեսական հետևանքները և ռիսկերը Հարավային Կովկասի համար
Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության սրացումը կարող է հանգեցնել գլոբալ տնտեսական հետևանքների։ Նավթի համաշխարհային շուկան պատմականորեն խիստ զգայուն է Պարսից ծոցում ծագող սպառնալիքների նկատմամբ, և անգամ անկայունության ենթադրությունը հաճախ դառնում է գների շեշտակի աճի խթան։ Արդեն իսկ 2025 թ. հունիսին սկսած պատերազմը հանգեցրել էր նավթի գների աճի։ Էներգակիրների գնաճը հանգեցնում է պետական ծախսերի ավելացման, օրինակ՝ լրացուցիչ սուբսիդիաներ տրամադրելու համար, ինչպես նաև ներմուծված ապրանքների ինքնարժեքի բարձրացման, քանի որ դրանց արտադրության և փոխադրման գործընթացները մեծապես կախված են վառելիքից։ Այս ամենի արդյունքում նաև դիտվում է սպառողական գնաճ, քանի որ նախորդ գործոնների ազդեցությամբ շուկայում բարձրանում է ապրանքների և ծառայությունների գինը։
Հայաստանը, չունենալով լայնածավալ ռազմավարական պաշարներ և գտնվելով տարածաշրջանային մատակարարման հարցում կախվածության մեջ, խոցելի է ինչպես ապրանքների մատակարարման հնարավոր խափանումների, այնպես էլ՝ ուղեգծի ապահովագրական և լոգիստիկ ծախսերի կտրուկ բարձրացման տեսանկյունից։
Պարսից ծոցից Հայաստան ապրանքների ներմուծման հիմնական և ամենաարդյունավետ երթուղին անցնում է Իրանի տարածքով (Նորդուզ–Մեղրի), սակայն Հորմուզի նեղուցի փակման և Իրանում ներքին լարվածությունների պայմաններում այս երթուղու գործունեությունը կարող է խափանվել՝ ենթարկվելով լոգիստիկ և սահմանային ռիսկերի։
Թեև 2024 թվականի մայիսին Հայաստանը հայտարարեց Հնդկաստանի հետ համագործակցությամբ Իրանի «Չաբահար» նավահանգստով անցնող նոր առևտրային երթուղու գործարկման մտադրության մասին, իսկ 2025 թվականին հայտնի դարձավ, որ հայկական ընկերություններից մեկը պայմանավորվել է գրանցվել նավահանգստի ազատ առևտրի գոտում և սկսել լոգիստիկ գործունեություն, սակայն երթուղու գործարկումը հետաձգվել է և առայժմ չունի հստակ ժամկետներ։ Նշենք, որ տվյալ նախագիծը նախատեսում է լոգիստիկ շղթայի ձևավորում՝ բեռների տեղափոխմամբ Մումբայի նավահանգստից դեպի «Չաբահար», այնուհետև՝ Իրանի տարածքով դեպի Հայաստան։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար որպես այլընտրանքային ճանապարհներ կարող են հանդես գալ Չինաստանից Կենտրոնական Ասիայով և Կասպից ծովով Հարավային Կովկաս և Սև ծովի ուղիներով Վրաստան, ապա՝ Հայաստան ուղիները։ Սակայն նման երկար ու միջնորդավորված ուղիները պարունակում են քաղաքական և լոգիստիկ ռիսկեր, որոնք նվազեցնելու համար ցանկալի արդյունքի կարող էին բերել դիվանագիտական շփումները Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ երթուղիների անվտանգության ապահովման նպատակով։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել դիվանագիտական ջանքերի սահմանափակ արդյունավետությունը՝ հատկապես Ադրբեջանի հետ, որի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ էապես խոչընդոտում են կայուն համագործակցության հեռանկարին։
Հաշվի առնելով երթուղիների դիվերսիֆիկացման կարևորությունը՝ անհրաժեշտ է նվազեցնել կոնկրետ երթուղիներից կախվածությունը։
Ռազմավարական և անվտանգային սպառնալիքները ՀՀ համար
Հորմուզի նեղուցի փակման մեկ այլ հետևանք կարող է լինել այն, որ Իրաքը, Ադրբեջանը և Թուրքիան, օգտվելով իրավիճակից, Եվրոպային առաջարկեն էներգետիկ մատակարարման նոր երթուղիներ, ինչը կհարվածի Իրանի տնտեսական դիրքին։ Ադրբեջանի համար այս իրավիճակը հատկապես շահավետ է ոչ միայն որպես այլընտրանքային մատակարար ներկայանալու հնարավորության, այլ նաև նավթի գների աճից ստացվող ուղիղ տնտեսական օգուտի տեսանկյունից։ Հայաստանի համար սա կարող է հանգեցնել թուրք-ադրբեջանական ճնշումների խորացման՝ տնտեսական, տարածաշրջանային և էներգետիկ կախվածության մեխանիզմների միջոցով։
Իրանի արտաքին դիրքորոշման խստացման և ներքին վերահսկողության ուժեղացման պայմաններում Հայաստանի վրա հնարավոր ռազմավարական հետևանքները կարող են լինել շոշափելի։ Ռազմականացման հնարավոր ընդլայնումը՝ ոչ միայն Պարսից ծոցում, այլև Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով, կարող է ազդել Երևանի հետ համագործակցության գործնական մակարդակի վրա։ Հայաստան–Իրան սահմանը, հատկապես Նորդուզի անցակետը, ունի կենսական նշանակություն տնտեսության և շրջանցիկ արտաքին կապերի համար։ Եթե ներկայիս պատերազմական վիճակում Իրանը առևտրային միջանցքները փոխարինի անվտանգության առաջնահերթությամբ, ապա Հայաստանի համար լոգիստիկ և քաղաքական դինամիկան կդառնա խոցելի։
Վերադառնալով ռազմական գործողությունների հետևանքին՝ եթե Իրանի կողմից ծովային իրավունքի (UNCLOS) խախտումը վերածվի արևմտյան տերությունների հետ ռազմական բախման թեժ կետի, և Թեհրանը ստիպված լինի կենտրոնանալ հարավային ուղությամբ պաշտպանության վրա, ապա դա կարող է սրել իրավիճակը երկրի հյուսիսում։ Մասնավորապես՝ այնտեղ կարող են ակտիվանալ Իրանի թյուրքախոս շրջանակների անջատողական խմբերը, որոնք վայելում են Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը․ սա ևս անմիջական սպառնալիք է Հայաստանի անվտանգության տեսանկյունից։
Թեև արևմտյան դերակատարները կարող են ակնկալել, որ Հայաստանը կմիանա պատժամիջոցային քաղաքականությանը կամ կպահպանի որոշ դիվանագիտական հեռավորություն Իրանից, այդպիսի մոտեցումը Հայաստանի համար պարունակում է զգալի ռիսկեր։ Իրանի մեկուսացումը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ դժվար իրականանալի է՝ պայմանավորված էներգետիկ և տրանսպորտային այլընտրանքների սահմանափակությամբ, ինչպես նաև Իրանի կարևորությամբ՝ որպես տարածաշրջանային անվտանգային հակակշիռ։ Ստեղծվում է արտաքին քաղաքականության բարդ դիլեմա՝ միաժամանակ պահպանելու կենսական կապերը տարածաշրջանային գործընկերոջ հետ և խուսափելու ռազմավարական հակամարտությունում ներքաշվելուց։
Գործողությունների առաջարկվող ուղեգիծ Հայաստանի համար
Ի պատասխան նեղուցի հնարավոր փակման հետևանքով ծագող մարտահրավերներին՝ Հայաստանի շահերից է բխում․
- Ստեղծել տվյալների վրա հիմնված արագ արձագանքման միավոր՝ ԱԽ, ԱԳՆ և Ֆինանսների նախարարության մասնակցությամբ։
- Պաշտոնական հայտարարություններ անելիս խուսափել կողմերից որևէ մեկի ուղղված քննադատությունից։ Այս պահին ՀՀ շահերից է բխում ներկայանալ որպես ռացիոնալ, տարածաշրջանային կայունության մեջ շահագրգռված դերակատար, այլ ոչ թե բևեռացված ճամբարների մաս։ Այս կոնտեքստում հանդես գալով որպես չեզոք և կանխատեսելի գործընկեր՝ Հայաստանը կարող է իրադրության սրման պայմաններում ապահովել երկխոսության ուղիներ տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների համար (ԵՄ, Չինաստան, Հնդկաստան)։
- Գնահատել Իրանի հյուսիսային հատվածում հնարավոր ռազմականացված շարժերի ազդեցությունը ՀՀ-Իրան սահմանային անվտանգության վրա։
- Մշակել գործողությունների սցենարներ այն դեպքերի համար, եթե Իրանի ներսում իրավիճակը կտրուկ սրվի (զանգվածային անկարգություններ, սահմանների փակման ռիսկ)։
- Վերանայել ռազմավարական պաշարների քանակը և թարմացնել էներգակիրների և վառելանյութի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների պահուստային համակարգը։
- Քննարկել էներգետիկ ֆյուչերսների կանխավճարային գնման մեխանիզմների ներդրումը կամ պետական երաշխիքների տրամադրումը խոշոր ներմուծողներին՝ նպատակ ունենալով կանխել շուկայում սուր գնաճը կամ ապրանքային դեֆիցիտը։
- Թարմացնել արտակարգ իրավիճակների ծրագիրը՝ հաշվի առնելով մատակարարման շղթաների խզման, նավթի գների երկարատև բարձրացման և ֆինանսական լարվածության սցենարները։
- Մշակել համակարգված հաղորդակցման ռազմավարություն՝ առկա ռիսկերի և կառավարության պատրաստվածության մասին հանրությանը պարբերաբար հաղորդելու համար՝ կանխելով հնարավոր խուճապի և ապատեղեկատվության տարածումը։